«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին», - կիրակի առավոտյան Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին Հայաստանի առաջին նախագահն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Մայր Աթոռի, Գարեգին Երկրորդի հետ զրույցի ընթացքում իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։
Այս հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի ու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ամենօրյա ռեժիմով ավելի քան մեկ շաբաթ կաթողիկոսի ու եկեղեցու մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող արշավի ու վիրավորական բառապաշարով ուղեկցվող քննադատության ֆոնին: Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում հոգևոր այրերի, այդ թվում՝ Գարեգին Երկրորդի հավատարմությունը կուսակրոնության ուխտին, անգամ պնդում, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։