Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Այս հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի ու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ամենաօրյա ռեժիմով ավելի քան մեկ շաբաթ կաթողիկոսի ու եկեղեցու մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող արշավի ու վիրավորական բառապաշարով ուղեկցվող քննադատության ֆոնին: Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում հոգևոր այրերի, այդ թվում՝ Գարեգին Երկրորդի հավատարմությունը կուսակրոնության ուխտին, անգամ պնդում, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։
Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Մայր Աթոռի, այսօր կաթողիկոսի հետ զրույցի ընթացքում իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտել Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։
Ի պատասխան ՔՊ-ից վիրավորական գրառումների շարք են սկսել նաև ՀՀ առաջին նախագահի հասցեին։ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին», - այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Փաշինյանը։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում պնդել է, թե ՀՀ հիմնադիր նախագահը «անկախության ձախողման և բոլոր պարտությունների սիմվոլն է»։