«Հայաստան» խմբակցությունը կմիանա «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին

ԱԺ ամենամեծ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում վերահաստատել է, որ կապահովեն պակասող պատգամավորների ստորագրությունները՝ ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։

««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման», - նշեց Օհանյանը:

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականն իր 4 անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել: «Պատիվ ունեմը» հրապարակեց թեկնածուի անունը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան:

Մեկ ամսից ավելի է՝ Սերժ Սարգսյանն առաջարկում էր վարչապետի Փաշինյանի իմպիչմենթի գործընթաց սկսել, որը, սակայն, երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը անլուրջ էր գնահատել: Երկրորդ ու երրորդ նախագահները, նրանց թիմերն ավելի վաղ փոխադարձ մեղադրանքներ էին փոխանակել:

Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Մեկ այլ՝ զանգվածային անկարգությունների դրվագով նրա դեմ հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջարկեց. ի՞նչ կասի «Հայաստան» դաշինքը