Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էր առաջարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել՝ առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու:
Վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն սկսելու առաջարկ էր արել «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը:
Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում: