Կալիֆոռնիայի նահանգապետը հայտարարել է, որ կդիմի դատարան՝ Ազգային գվարդիայի վերաբերյալ Թրամփի հրամանի կապակցությամբ

Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը ապօրինի է անվանել նախագահի՝ Լոս անջելեսում Ազգային գվարդիան կիրառելու հրամանը: Նա հայտարարել է, որ դիմել է Թրամփի վարչակազմին՝ հետ կանչելու Լոս Անջելեսի շրջանում տեղակայված 2,000 գվարդիականների հրամանը։

Նյուսոմը նաև հայտնել է, որ ծրագրում է դատի տալ վարչակազմին տեղակայումների կապակցությամբ՝ հավելելով, որ Թրամփը «ստեղծել է այս բողոքի շարժումների համար անհրաժեշտ պայմանները»։

«Սրանք ոչ թե նախագահին հարիր, այլ բռնապետի գործողություններ են», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Սպիտակ տունը, իր հերթին, հայտարարել է, որ բոլորի համար ակնհայտ էր, որ տեղում տիրում էին «քաոս, բռնությունը և անօրինականություն»։

ԱՄՆ նախագահը հունիսի 8-ին հրամայել է Ազգային գվարդիայի 2000 զինվոր տեղակայել Լոս Անջելեսում, որտեղ ապօրինի ներգաղթյալների նկատմամբ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո բախումներ էին սկսվել քաղաքացիների և իրավապահների միջև։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը սոցցանցում շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային՝ «կատարած լավ աշխատանքի» համար։

Նա կրկնել է նահանգի և քաղաքի դեմոկրատ առաջնորդների հասցեին քննադատությունը, նախքան ցուցարարներին թիրախավորելը։

Լոս Անջելեսի ոստիկանությունից հայտնել են, որ կիրակի առնվազն 10, իսկ նախորդ գիշեր 29 մարդ է ձերբակալվել այս բախումների ընթացքում, և ձերբակալությունները շարունակվում են։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բախումներից հետո Թրամփը Լոս Անջելես է ուղարկում Ազգային գվարդիա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բախումներ Լոս Անջելեսում՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո