Իսրայելի ուժերը զավթել են մարդասիրական նավը, որը փորձել էր խախտել Գազայի վրա սահմանված նավային շրջափակումը, և այժմ նավը՝ իր 12 հոգանոց անձնակազմով, որոնց թվում է նաև ակտիվիստ Գրետա Թունբերգը, ուղևորվում է Իսրայելի նավահանգիստ, կիրակի հայտնել է երկրի ԱԳՆ-ն:
Բրիտանական դրոշի ներքո գործող «Մադլեն» (Madleen) նավը, որը ղեկավարում է պաղեստինամետ «Ազատության նավատորմի կոալիցիան», նպատակ ուներ երկուշաբթի օրը Գազա հասցնել խորհրդանշական չափով մարդասիրական օգնություն և ուշադրություն հրավիրել այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։
Սակայն, ինչպես հաղորդել է կոալիցիան, մինչև ափ հասնելը՝ գիշերը, նավը «գրոհվել է»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ավելի ուշ հաստատել է, որ նավը գտնվում է իսրայելական վերահսկողության ներքո։
«Ուղևորները շուտով կվերադառնան իրենց երկրներ», - գրել է նախարարությունը X սոցիալական հարթակում։
Հետագայում նախարարությունն ավելացրել է, որ բոլոր ուղևորները անվտանգ են և չեն վնասվել։
12 հոգանոց անձնակազմի կազմում են շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը և Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռիմա Հասանը։
«Ազատության նավատորմի անձնակազմը ձերբակալվել է իսրայելական բանակի կողմից միջազգային ջրերում՝ առավոտյան ժամը 2-ի սահմաններում», - գրել է Հասանը X-ում:
Նավը տեղափոխում էր փոքր քանակությամբ մարդասիրական օգնություն, այդ թվում՝ բրինձ և մանկական կեր։ Իսրայելի ԱԳՆ-ն նշել է, որ այդ օգնությունը կփոխանցվի Գազա՝ իրական մարդասիրական ուղիներով։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կիրակի օրը բանակին հրահանգել էր թույլ չտալ «Մադլեն»-ին հասնել Գազա՝ այդ առաքելությունն անվանելով ««Համաս»-ի օգտին ուղղված քարոզչական գործողություն»։
Իսրայելը Գազայի վրա նավային շրջափակում է սահմանել 2007 թվականից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումն այնտեղ վերցրել է իշխանությունը:
Շվեդ ակտիվիստը 2024-ի նոյեմբերին նաև Հայաստան էր եկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրետա Թունբերգը ժամանեց Հայաստան․ ով է նա և ինչու է քննադատում Ալիևին