Իշխանություն-եկեղեցի սրված հարաբերությունները կարող են հասնել մինչև օրենսդրական տիրույթ: Ազգային ժողովի նախագահը չի բացառում, որ Սահմանադրությունը փոխելիս՝ նաև վերանայեն Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը:
«Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ, եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձև է ներկայացված լինելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է», - ասաց Սիմոնյանը:
Հայաստանի Սահմանադրությամբ՝ եկեղեցին, անջատ է պետությունից: Սահմանադրությամբ է հռչակված՝ հայ ժողովրդի հոգևոր, ազգային մշակույթի ու ինքնության պահպանման գործում եկեղեցու բացառիկ առաքելությունը: Մեկ այլ օրենքով էլ պետությունն ընդունում է ինքնիշխանությունը: Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ եթե եկեղեցին հատուկ կարգավիճակ է ունենում, ուրեմն պետությունն էլ պետք է այդ կառույցում մասնակցություն ունենա: Ու հարցը պետք է հստակեցնեն օրենսդրական փոփոխությամբ. - «Առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար, ուրիշ բանի մասին չեմ խոսում»:
Վարչապետ Փաշինյանի ու եկեղեցու լարված հարաբերությունները վերջին օրերին ավելի են սրվել ու չեն հանգուցալուծվում: Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու համար ու պնդում է՝ հեռանան հոգևոր ծառայությունից: Վարչապետի թիրախում հատկապես կաթողիկոսն է: Պահանջում է Մայր աթոռը պարզաբանի՝ արդյոք Գարեգին երկրորդը զավակ ունի՞:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մայր Աթոռը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտե՞լ է կուսակրոնության ուխտը». Փաշինյան«Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը: Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Հայաստանի վարչապետը կառավարության նիստում եկեղեցիները չուլանի հետ համեմատեց, հոգևորականները կոշտ արձագանքեցին, դրան Փաշինյանը պատասխանեց հայհոյանք - գրառմամբ. Ազգային ժողովի խոսնակի համար նորմալ է Փաշինյանի բառապաշարը. - «Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը, մեկ-մեկ շատ մարդիկ իմ ընկերներից ասում են, որ իմ խոսքը, որի մեջ որևիցե բառ չկա, որը կարող է որպես հայհոյանք ընկալվել որևէ մեկի կողմից, շատ ավելի ցավոտ ու վիրավորական կարող է հնչել: Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու»:
Ալեն Սիմոնյանը համաձայն է Փաշինյանի սկսած գործի հետ: Կարծում է, որ հոգևորականները պետք է իրենց անձնական կյանքի մասին պարզաբանումներ ներկայացնեն, որ Սիմոնյանը եկեղեցի մտնելիս՝ իմանա ում ձեռքը համբուրի:
Իշխանականներին ուղղված քննադատությունները պետք է անարձագանք չմնան: ՔՊ-ական պաշտոնյան կարծում է, որ քննադատների հետ պետք է խոսել նույն լեզվով: Իսկ ինչո՞ւ հանկարծ որոշեցին հիմա, ընտրություններից մեկ տարի առաջ: Հնարավո՞ր է վերջին հարցումների արդյունքներն են պատճառը, որ առաքելական եկեղեցու հեղինակությունը իշխանությունից մոտ 5-6 անգամ բարձր է:
«Ինձ էլ որ հարցնեն, ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, վստահում եմ մեր եկեղեցուն ու չեմ վստահում այլ եկեղեցու: Ուզում եմ հասկանամ՝ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջե՞լ է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ-որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Կաթողիկոսի առաջարկով օրեր առաջ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում միջազգային համաժողով էր կազմակերպել «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» թեմայով: Գարեգին Երկրորդը ելույթ է ունեցել Ադրբեջանի ոճրագրոծության ու Արցախը հայաթափելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հայ գերիների դեմ իրականացնում է շինծու դատավարություն՝ աղաղակող խախտումներով. Գարեգին ԵրկրորդԻ՞նչ կարծիք ունի Մայր Աթոռի ջանքերով հրավիրված համաժողովի մասին Հայաստանի արտգործնախարարը, որի թիմակիցները թիրախավորել են եկեղեցին ու հոգևորականներին, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր Ազգային ժողովիմ դիմեց Արարատ Միրզոյանին:
«Հարց եք տալիս, ասում եք՝ կաթողիկոսը ազգի փրկության համար համաժողով արեց Շվեյցարիայում, դրանից հետո սկսեցիք հարձակվել կաթողիկոսի վրա, դե Միրզոյան արի ռացիոնալ պատասխան տուր էս հարցին: Ի՞նչ ասեմ, որ հոդաբաշխ հնչի», - արձագանքեց արտգործնախարարը:
Էջմիածնում հոգևոր վերնախավը անարձագանք չէր թողել հոգևորականների ուղղությամբ վարչապետի գրոհը: Փաշինյանի ու նրա տիկնոջ աղմկոտ մեղադրանքները ուղղված հոգևոր դասին, համարում են «հակաեկեղեցական ամոթալի արշավ»: Էջմիածնի միաբանները կարծում են՝ «եկեղեցամարտ այս կեցվածքը» քաղաքական նպատակներ ունի, հարգանք վայելող եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու փորձ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձավ «վարչապետի հրահրած հակաեկեղեցական ամոթալի արշավին»