Մատչելիության հղումներ

Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ. ԱԳ փոխնախարար


Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ամենալայն տարածաշրջանի շահերին», - հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Նա նշեց, որ Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, և սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները: Վահան Կոստանյանի խոսքով՝ Սյունիքում այսօր կազմակերպված միջոցառումը՝ Հայաստան-Ֆրանսիա համաժողովը, ինչպես նաև պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը դրա խոսուն վկայությունն են:

«Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի և մեր անմիջական և լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը», - հավելեց նա:

Համաժողովի բացմանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին էլ հայտարարեց, որ Գորիսը «քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, այն եղել է միշտ խաչմերուկում և խաղաղության կառուցմանն է միտված եղել»:

«Եվ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ: Մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է», - ասաց նա:

Երևանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը. փոխարտգործնախարար


Վահան Կոստանյանը խոսեց նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, շեշտեց՝ Հայաստանը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար` հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով:

Նա նշեց, որ Հայաստանը հետևողականորեն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Հիշեցնելով, որ Երևանն ու Բաքուն արդեն իսկ հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, Կոստանյանը վերահաստատեց. «Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն»:

«Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն է ու վավերացումը, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում»:

Փոխարտգործնախարարը շեշտեց՝ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ևս խաղաղության և համագործակցության հստակ ուղերձ է պարունակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG