Մատչելիության հղումներ

Ով ուզում է լինի մարզպետ, մեզ համար ո՛չ տաք է, ո՛չ սառը. 4 մարզպետ Լոռիում՝ 7 տարում


Լոռու մարզպետարան, արխիվ
Լոռու մարզպետարան, արխիվ

Անցած յոթ տարիներին Լոռին չորս մարզպետ ունեցավ: Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այստեղ մարզի ղեկավարումը «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչին վստահեց: Հայտարարվեց՝ նոր ձևավորված կառավարությունը քաղաքական պայմանավորվածություն ունի ԲՀԿ-ի հետ:

Մինչդեռ ընդամենը չորս ամիս անց ԲՀԿ ներկայացուցչին փոխարինեցին հեղափոխությունով իշխանության եկած Փաշինյանի թիմակիցները՝ նախ՝ Անդրեյ Ղուկասյանը, ապա նրա պաշտոնավարման ընթացքում իր համար քաղաքական հակառակորդ դարձած Արամ Խաչատրյանը: Վերջինս ամենաերկարակյացն էր այս պաշտոնում՝ ուղիղ երեք տարի մնաց ու վարչապետի Լոռու մարզ կատարած աղմկահարույց շրջայցից հետո ազատվեց պաշտոնից:

Նրան փոխարինեց Արամ Ղազարյանը, որ երեք մարզերում ոստիկանապետ էր եղել, մարզպետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո անդամակցել «Քաղաքացիական պայմանագրին»: Ավելին՝ մեկ ամիս առաջ դարձել էր կուսակցության տեղի կառույցի ղեկավարը: Կարծիքներ կային, թե նա կարող է լինել Վանաձոր համայնքի ղեկավարի իշխող կուսակցության թեկնածուն: Բայց ընդամենը մեկուկես տարվա պաշտոնավարումից հետո գնաց մի պաշտոնի, որի դեպքում ստիպված է թողնել քաղաքական գործունեությունը:

Արամ Ղազարյանն այսօր այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին՝ ինչպե՞ս հանկարծ նրան Ոոտիկանապետի պաշտոնին տանելու որոշում ընդունեց վարչապետը, արդյո՞ք դրան նախորդել են քննարկումներ, ու ով կփոխարինի նրան: Նախկին մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանը, որ այժմ վարչապետի խորհրդականն է, նույնպես ասաց՝ տեղյակ չէ՝ ինչպես է որոշվել Ղազարյանին տանել Լոռուց, կամ, թե ով կփոխարինի նրան:

Վանաձորում պնդում են, որ անգամ նեղ շրջանակներում տեղյակ չեն եղել Արամ Ղազարյանին այլ պաշտոնի տանելու հնարավորության մասին:

Հրաժարականի նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Վանաձորում էր: Արամ Ղազարյանը ներկա էր նրանց անցկացրած «Կրթությունը նորաձև» է շարժմանը: Որևէ նշմար անգամ չկար, որ կարող է թողնել պաշտոնը:

Վանաձորցի հասարակական գործիչ Գևորգ Քոթանջյանը համոզված է՝ բոլորի համար էր անակնկալ, չի բացառում, որ ինքը՝ Արամ Ղազարյանն էլ չի իմացել այդ մասին. «Եթե ասենք՝ որպես այդպիսին ինքն ամբողջ խնդիրը կարողանում էր լուծել, չէ, որովհետև առճակատման համայնքների հետ չէր գնում, ու շատ դեպքերում խնդիրը մնում էր խնդիր, բայց մոտեցումները փոխվում էին», - ասաց նա:

«Գործ ունեինք մի ընթացք լրիվ անիշխանության հետ, բայց իր նշանակումից հետո բավականին շատ բաներ փոխվեցին», - հավելեց Քոթանջյանը:

Մի քանի օրից վերաքննիչ վարչական դատարանը Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքի հարցով վճիռ կհրապարակի: Հնարավոր է, որ դրանից հետո Վանաձորում ի վերջո համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան: Այս դեպքում կառավարությունն ո՞ւմ կվստահի մարզի ղեկավարի քաղաքական պաշտոնը: Այս պահին միայն որոշ լոռեցի ՔՊ-ական պատգամավորների անուններ են շրջանառվում, որոնք, սակայն, ակտիվանում են ամեն անգամ նոր մարզպետ նշանակվելուց առաջ:


Վանաձորցիներն այս հարցում անտարբեր էին, մարզպետի ով լինելու հետ էլ առանձնապես չեն կապում իրենց կյանքի առաջընթացը կամ պարզապես հրաժարվում են պատասխանել քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Ո՞վ է լինելու Լոռու մարզպետը
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG