Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում շարունակվում են ցույցերը և բախումները


ԱՄՆ - Ցուցարարները և ոստիկանները Լոս Անջելեսում, հունիս, 2025թ.
ԱՄՆ - Ցուցարարները և ոստիկանները Լոս Անջելեսում, հունիս, 2025թ.

Այս ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆոռնիա նահանգի ու դաշնային իշխանության միջև:

Չորրորդ օրն է՝ Լոս Անջելեսում շարունակվում են ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու՝ իրավապահների գործողությունների դեմ ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, կան տասնյակ բերման ենթարկվածներ: Ոստիկանները կրկին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ են կիրառել ցույցերը ցրելու համար: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև ԱՄՆ այլ քաղաքներում և նահանգներում: Այս ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆոռնիա նահանգի ու դաշնային իշխանության միջև:

Երեկ ԱՄՆ նախագահը կարգադրել է Ազգային գվարդիայի ևս 2 հազար զինվոր ուղարկել Լոս Անջելես՝ նրանց թիվը հասցնելով 4 հազարի: Կարգուկանոն հաստատելու համար Դոնալդ Թրամփն ուղարկել է նաև ծովային հետևակի 700 զինվոր, որոնք քաղաք կարող են ժամանել արդեն այսօր: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային՝ լավ աշխատանքի համար, ապա քննադատել Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ասելով, թե նա կոմպետենտ չէ, չի տիրապետում իրավիճակին, և լավ կլիներ, որ ձերբակալվեր: Լրագրողի հարցին, թե ի՞նչ հանցանք է գործել, որ ձերբակալվի, Թրամփը պատասխանել է, թե նրա գլխավոր հանցանքը նահանգապետի պաշտոնում առաջադրվելն է, քանի որ նա շատ վատ է աշխատել:

«Նա ոչ կոմպետենտ նահանգապետ է։ Տեսեք, թե ինչ աշխատանք է անում Կալիֆոռնիայում։ Նա ոչնչացնում է մեր մեծ նահանգներից մեկը։ Եվ եթե ես չմիջամտեի, եթե չտեղակայեինք Ազգային գվարդիան, ... այստեղ աղետ էր լինելու», - պնդել է Դոնալդ Թրամփը:

Սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը համարում է, որ Ազգային գվարդիան կիրառելն ապօրինի է, և արդեն դատական հայց է ներկայացրել նախագահի, Պենտագոնի և պաշտպանության նախարարի դեմ: Դեմոկրատ Գևին Նյուսոմն ասել է, որ Թրամփի գործողությունները «անվիճելիորեն քայլ են դեպի ավտորիտարիզմ»։ Նա սոցցանցում գրել է, որ ծովային հետևակի ներգրավումը «խելագար երևակայության» արդյունք է։

Լոս Անջելեսի քաղաքապետը ևս քննադատել է դաշնային կառավարությանը՝ ասելով, որ Ազգային գվարդիան տեղակայելով՝ այն նպաստել է քաղաքում քաոսի առաջացմանը։ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել միգրանտների դեմ գործողությունները:

«Այս ռեյդերը պետք է դադարեցվեն: Սա չպետք է տեղի ունենա մեր քաղաքում։ Սա արդարացված չէ։ Այն միայն նպաստում է քաոսին։ Սա քաոս է, որը նախաձեռնվեց Վաշինգտոնում», - հայտարարել է Բասը:

Լոսանջելեսյան իրադարձություններին անդրադարձել է ՄԱԿ-ը՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով համատեղ ջանքեր գործադրել ռազմական ուժի կիրառումը հետագայում կանխելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը հույս է հայտնել, որ իշխանություններն ամեն ինչ կանեն իրավիճակը հանդարտեցնելու համար:

«Մենք չենք ցանկանում, որ այս իրավիճակը շարունակի ռազմականացվել, և կողմերին խրախուսում ենք տեղական, նահանգային և դաշնային մակարդակներում աշխատել այդ ուղղությամբ», - ասել է Հաքը:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, թե իրավապահները գնացել են մարդկանց հետևից, որոնք լուրջ հանցագործություններ են գործել: Քրիստի Նոեմը Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Լոս Անջելեսը դարձել է հանցագործների քաղաք, քանզի քաղաքապետն ահավոր վատ է աշխատել:

«Եվ հիմա նա մամուլի ասուլիսներ է անում՝ ասելով, թե մարդիկ խաղաղ ցույցերի իրավունք ունեն, որ սա ներգաղթյալների քաղաք է: Սա ներգաղթյալների քաղաք չէ, սա հանցագործների քաղաք է, քանի որ նա տարիներով պաշտպանել է նրանց», - պնդել է Նոեմը:

Ցուցարարները, սակայն, վստահ չեն, որ նախարարի ասած մարդիկ հանցագործներ են: Ռայան Լոլերն ասում է, որ Թրամփը նախընտրական շրջանում խոստանում էր երկրից վտարել հանցագործներին: Սակայն իրավապահները հիմա ձերբակալում են մարդկանց, որոնք, պարզ չէ՝ քրեական անցյալ ունե՞ն, թե՞ ոչ: Նա նաև ասում է, որ Ազգային գվարդիան պետք է դուրս գա քաղաքից. - «Ես ավելի անվտանգ չեմ զգում Ազգային գվարդիայի ներկայությունից: Ես պակաս անվտանգ եմ զգում: Այնպես որ, ուզում եմ, որ նրանք քաղաքից դուրս գան»։

Մեկ այլ ցուցարար էլ պնդում է, որ իրենց գործողությունները խաղաղ են, պարզապես ցանկանում են աջակցել միգրանտներին: Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են լռեցնել մարդկանց, որոնք բողոքում են ապօրինությունների դեմ:

«Մտածեցի՝ Աստված իմ, սա կարծես ժամանակակից Հոլոքոսթն է լինելու։ Սա առաջին բանն էր, որ մտքովս անցավ. նրանք փորձում են լռեցնել բոլոր առաջնորդներին, որոնք կարող են խոսել այն ամենի դեմ, ինչը սխալ է և անօրինական», - ասում է Ուիթնին:

Տնային խնամքի ոլորտի աշխատող Անա Մեդինան էլ ասում է, որ Ամերիկան կառուցվել է ներգաղթի շնորհիվ, և արդար չէ այն, ինչ տեղի է ունենում նրանց նկատմամբ, ու եկել է, որ իր բողոքը բարձրաձայնի: Ըստ նրա՝ Թրամփն իր գործողություններով ոչ թե հզորացնում, այլ կործանում է Ամերիկան:

«Մենք հանցագործներ չենք, աշխատող մարդիկ ենք։ Նախագահը չպետք է մեզ վերաբերվի որպես անպետք բանի … Նրա գործողությունները ոչ թե ուժեղացնում են Ամերիկան, այլ՝ կործանում այն», - նշում է Մեդինան:

Այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել ցույցերի ընթացքում ձերբակալված Դեյվիդ Ուերտան՝ խոշոր արհմիություններից մեկի ղեկավարը, որը հազարավոր աշխատողների շահերի պաշտպանությամբ է զբաղվում: Նա մեղադրվում էր իրավապահների գործողությունները խոչընդոտելու համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG