Հակակոռուպցիոն կոմիտեն Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանին մեղադրում է առանց անհրաժեշտության շուրջ 360 միլիոն դրամի պայմանագրեր կնքելու ու այդպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
«Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ խախտվել է պետության կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, նշված կարգի խախտմամբ կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնցով նախատեսված աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը բացակայել է, իսկ ոչ անհրաժեշտ աշխատանքների գնման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք», - հաղորդում է Հակակոռուպցիոնը:
Ավետիք Քերոբյանը Վահան Քերոբյանի եղբայրն է, էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը, իր հերթին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործով է անցնում:
Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահն իրեն ուղղված մեղադրանքը որակում է «փնթի կազմված», առանց հստակ իրավական ձևակերպումների:
«Ուղղակի անպատկերացնելի թափթփված միջավայրում է աշխատում և նաև հարցաքննությունների արձանագրությունները ընդհանրապես չի կարդում տակը ստորագրում է, իսկ վերջին հարցաքննության արձանագրության, այսինքն՝ քննչական գործողության արձանագրության տակ ես էլ, փաստաբանս էլ գրել ենք, որ ինքը ուղղակի վրայից գցում է էս գործը, ուղարկում դատարան՝ ընդամենը գործունեության պատրանք ստեղծելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիք Քերոբյանը:
Բուն գործի մասին նա փակագծեր չբացեց, միայն պնդեց, որ մեղադրանքի հիմքում կամայականորեն ընտրվել են նորմատիվ իրավական փաստաթղթեր՝ անտեսելով հիմնական փաստաթղթերը, որոնք կարգավորում են ամբողջ գործընթացը:
Այս գործից մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ չի հրապարակում: Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը տպավորություն ունի, որ քննիչը պարզապես գործ է կարում, քանի որ, ըստ նրա, առկա է նաև փաստերի կամայական ընտրություն:
«Ամեն դեպքում, խոսքն այն մասին է, որ վատնում է կատարվել, առանց կարիքի պայմանագրեր են կնքվել։ Բայց պետք է ասեմ, որ ես ինքս անձամբ որևէ լիազորություն միանձնյա, նույնիսկ չասեմ նաև միանձնյա լիազորություն պայմանագրեր կնքելու չեմ ունեցել, էդ ամեն ինչը կատարվել և վերահսկվել է ինձնից վերև՝ վերադաս նախարարների, դրանից վերև՝ Ռազմարդյունաբերական հանձնաժողովի, դրանից վերև՝ Կառավարություն, որը ինքն է հաստատում պետական բյուջեից համապատասխան ֆինանսավորումը», - ընդգծեց Քերոբյանը:
Ավետիք Քերոբյանը Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականին հունիսին, երբ այս կառույցը դեռ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ էր գործում, իսկ նախարարը Դավիթ Տոնոյանն էր: 2019 թվականի կեսերին Ռազմարդյունաբերական կոմիտեն անցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ, որի ղեկավարն այդ ժամանակ այժմ խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էր:
Քերոբյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ պաշտոնավարման ընթացքում ինքնակամ որոշումների կամ ինքնուրույն նախաձեռնությունների մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ նման լիազորություններ պարզապես չի ունեցել։ 360 միլիոնը անհարկի ծախսելու քրեական գործում իրավականի փոխարեն նա քաղաքական ենթատեքստ է տեսնում: Քերոբյանը մեկ այլ գործով էլ է անցում ու պնդում է, թե դա էլ նույն բանի մասին է խոսում, որովհետև արդեն այն ժամանակ, ըստ նրա, հետապնդվում էր իր եղբայրը՝ Վահան Քերոբյանը. գաղտնալսումներ էին իրականացնում դեռ շատ ավելի վաղ, քան առաջին գործը կհարուցվեր։ Ավետիք Քերոբյանի դեմ առաջին գործն արդեն դատարանում է, բայց դրան ծանոթանալ հնարավոր չէ՝ այն գաղտնի է:
«Հաշվի առնելով նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ես երբեմն նաև շատ կոշտ քննադատել եմ էս Կառավարությանը, հրաժարական եմ պահանջել տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, կարող է նաև քաղաքական ենթատեքստ էլ ունենա, ընդամենը լռեցնելու փորձ լինի ինձ», - ասաց Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահը:
Ի՞նչ ունեն ասելու Քերոբյան եղբայրները, որ իշխանությունը ցանկանում է լռեցնել. հարցին ի պատասխան Ավետիք Քերոբյանն ասաց, թե Փաշինյանի իշխանությունը վախենում է համարձակ մարդկանցից: Իշխանության գործողությունները նա իրենց վախեցնելու փորձ է համարում:
«Իրենց պետք է, էսպես, հլու-հնազանդ քաղաքական ընդդիմություն, որը խորհրդարան կգա և հաճույքով ծեծ կուտի՝ աշխատավարձի և պարգևավճարի դիմաց, կամ հայհոյանքներ փոխադարձ կհնչեցնեն, և դրանով կավարտվի գործը։ Բայց էս իշխանությունը վախենում է համարձակ մարդկանցից, որոնք ունակ են և ապացուցել են զոհողության գնալու իրենց համարարձակությունը., - պնդեց նախկին պաշտոնյան:
Փաշինյանի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Քերոբյան եղբայրները չեն ծառայել գործող իշխանությանը, այլ փորձել են դժվար պահին օգնել պետությանը, ասաց Ավետիք Քերոբյանը: Նրա կարծիքով՝ դատարանում իրեն ուղղված մեղադրանքից պաշտպանվելն ավելի հեշտ կլինի:
Մինչդեռ ապացույցները հիմնավոր համարող Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննությունն արդեն ավարտել է ու նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Իրավապահները հերքում են քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվելու պնդումները: