Մատչելիության հղումներ

Իրանը շուտով Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ին կփոխանցի իր պատասխան առաջարկը


Իրանն Օմանի միջնորդությամբ շուտով Միացյալ Նահանգներին կփոխանցի իր պատասխան առաջարկը միջուկային համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղեին:

Թեհրանի առաջարկն ի պատասխան ԱՄՆ առաջարկի է, որը Իրանն «անընդունելի» է որակում։

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Թեհրանը բացասական պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի մայիսի վերջին ներկայացրած առաջարկին։ Իրանի դիվանագետներից մեկն ասել էր, որ ամերիկյան առաջարկը չի լուծում երեք հիմնական հարց՝ ուրանի հարստացումը Իրանի տարածքում, բարձր հարստացված ուրանի պաշարների արտահանումը երկրի սահմաններից դուրս, ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման կոնկրետ քայլերը։

«ԱՄՆ-ի առաջարկը մեզ համար ընդունելի չէ։ Այն չի հանդիսանում նախորդ բանակցությունների արդյունք։ Մենք մեր առաջարկը կհանձնենք մյուս կողմին Օմանի միջոցով՝ այն ավարտին հասցնելուց հետո։ Այդ առաջարկը հիմնավոր է, տրամաբանական և հավասարակշռված», - հայտարարել է Բաղեին։

Անցյալ շաբաթ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել էր ԱՄՆ-ի առաջարկը՝ այն որակելով Իրանի շահերին հակասող, և հայտարարել էր, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացման գործընթացը։

Վաշինգտոնն ու Թեհրանը արդեն հինգ փուլ բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի հարստացման բոլոր գործողությունները:

XS
SM
MD
LG