Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի որոշմամբ՝ անցած կիրակի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Ռուսլան Ժակսիլիկովը ձերբակալվել է, այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Նախկին պաշտոնյայի ձերբակալության պատճառների, հնարավոր քրեական գործի մասին իրավապահները մանրամասներ չեն հայտնել։
Elmedia-ի աղբյուրների համաձայն՝ ձերբակալությունն իրականացվել է Ղազախստանի պետական անվտանգության կոմիտեի կողմից։
«Մենք կարծում ենք, որ սա ինչ-որ կերպ կապված է գողության հետ», - նշել է աղբյուրը։
Ժակսիլիկովը նախկինում զբաղեցնում էր ներքին գործերի փոխնախարարի և ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը։ Նա Ղազախստանի պաշտպանության նախարար է նշանակվել 2022 թվականի հունվարին՝ երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին օգնություն խնդրել ՀԱՊԿ զորքերից։