Մատչելիության հղումներ

Մեդինսկին Ղարաբաղն անվանել է «վիճելի տարածաշրջան», Բաքուն հակադարձում է


Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը»։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նրան խորհուրդ է տվել «չվնասել միջպետական հարաբերությունները՝ կեղծ հայտարարություններ անելով, որոնք դուրս են նրա իրավասության սահմաններից»։

«Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի բնիկ հողն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել և ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք», - Minval Politika-ն մեջբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի օգնականը համեմատում է Ուկրաինայի դեմ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։ «Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը և չի վարել ագրեսիվ պատերազմ որևէ երկրի դեմ։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը հայրենական պատերազմ և հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել իր ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքներում», - ասել է Հաջիզադեն։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահները տեղակայվել էին Լեռնային Ղարաբաղում, նրանց թիվը 1960 էր, իսկ մանդատի վերաբերյալ փաստաթուղթ կողմերի միջև այդպես էլ չէր ստորագրվել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանք պետք է կանգնեին Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծին, ինչպես նաև հսկեին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ 2024 թվականին արդեն ռուս խաղաղպահները հեռացան Լեռնային Ղարաբաղից: Կրեմլից մեկ բացատրություն էր հնչում՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ռուս խաղաղապահներն այնտեղ այլևս անելիք չունեն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG