Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային գերիների փոխանակման և զոհված զինվորների մարմինների հայրենադարձման՝ Ստամբուլում համաձայնեցված լայնածավալ գործընթացը հետաձգելու համար։
«Ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է փոխանակումը», - հայտարարել է Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին։
Անցած երկուշաբթի Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում դեմ առ դեմ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում պայմանավորվել էին շարունակել գերիների փոխանակումը՝ կենտրոնանալով ամենաերիտասարդ և ամենածանր վիրավորների վրա, և վերադարձնել 12,000 զոհված զինվորների մարմինները։
«Ստամբուլի պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խումբը երեկվանից Ուկրաինայի հետ սահմանին է, սակայն ուկրաինացի բանակցողները չեն եկել», - «Տելեգրամ»-ում գրել է Մեդինսկին՝ կոչ անելով Կիևին պահպանել ժամանակացույցը և անմիջապես սկսել գերիների ու դիերի փոխանակումը։
Կիևը մինչդեռ կտրականապես հերքել է ռուսական կողմի մեղադրանքները։
«Կոչ ենք անում Մոսկվային դադարեցնել «կեղտոտ խաղերը» և վերադառնալ կառուցողական աշխատանքի», - հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Կովալենկոն։